Երեխայի ծնունդը կնոջ կյանքում կարևոր ու շրջադարձային երևույթ է: Ամուսինը, հարազատներն ու բարեկամները նրան շրջապատում են ուշադրությամբ ու հոգատարությամբ, բայց երեխային նվիրվելուց բացի, կարևոր է չմոռանալ, որ դուք նախևառաջ կին եք: ինչ խոսք, գիշեր ու ցերեկ երեխային խնամելը մեծ էներգիա է խլում և գեղեցիկ կազմվածքն ու սեփական սեքսուալությունը պահպանելն ավելի է դժվարանում: Հոգեբանները զույգերին խորհուրդ են տալիս երեխայի ծննդից հետո առաջացած սառնությունը հաղթահարել համատեղ:
Կարևոր է, որ ամուսինն օգնի կնոջը երեխայի խնամքի գործում: Եթե ներում են ֆինանսական միջոցները, կարելի է խոհարար կամ դայակ վարձել: Հղիությունից հետո կանանց հաջորդ խնդիրը սեփական կազմվածքն է: Սակայն ինքն իրենից հիասթափվել ու բարդույթավորվել պետք չէ: Կազմվածքը փոխվում է և դա անխուսափելի է: Առաջին քայլը, որ նման դեպքերում խորհուրդ են տալիս հոգեբանները, նոր կազմվածքը սիրելն է: Երկրորդ քայլը օրվա մեջ 10-ից 15 րոպե սեփական մարմնին նվիրելն է:
Թե մարզվելու ինչ միջոց կընտրեք` կարևոր չէ: Կարևորը սեփական ինքնագնահատականի աճն է: Գնեք սեքսուալ ներքնազգեստ ու ձեռք բերեք հակացելյուլիտային կոսմետիկ միջոցներ: Եթե ուզում եք վերականգնել սեքսուալ կյանքի հին ռիթմերը` մոռացեք սուպերմայրիկի ու սուպերտնտեսուհու դերը: Կարողացեք թոթափել հոգսերն ու լիցքաթափվել: Սեքսուալ ձգողականությունը նուրբ զգացում է` մեկ անգամ կորցնելու դեպքում վերականգնելը դժվար է: Հաճախակի զբոսնեք, նայեք ձեր շուրջ զբոսնող արդեն մի քանի տարվա մայրիկներին: Նրանք վերականգնել են կամզվածքը, ուրեմն դուք ևս կարող եք վերականգել: Պետք է միայն հավատալ սեփական ուժերին ու հետևողական լինել:



